4 նոյեմբերի 2011 - 15:36 AMT
Ստեփան Սաֆարյան. Վերջին քաղաքական գործընթացներն ամրապնդեցին «Ժառանգության» դիրքերը

Վերջին քաղաքական գործընթացները ամրապնդեցին «Ժառանգության» դիրքերը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, իշխանության շարքերում վերադասավորումների արդյունքում ՀՀԿ-ում ձևավորվեց մարդկանց մի խումբ, որոնք դժգոհ են այս փոփոխություններից, ինչն իր հերթին թուլացնում է հանրապետականների դիրքերը: Նաև, ըստ Սաֆարյանի, տևական շշուկներն այն մասին, թե ԲՀԿ-ն կարող է դուրս գալ կոալիցիայից, ինչպես նաև այդ ուղղությամբ կոնկրետ քայլերի բացակայությունը բացասաբար անդրադարձան այդ կուսակցության իմիջի վրա:

Սաֆարյանը նշեց նաև, որ ՀԱԿ վերջին հանրահավաքներն ու հայտարարությունները վկայում են ՀԱԿ դիրքերի թուլացման մասին:

Ըստ նրա, կուսակցությունը դեռ չի քննարկում այլ կուսակցությունների հետ միավորվելու հարցը և նախընտրական շտաբ չի ստեղծում:

Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:

Հրաժարական է տվել նաև ոստիկանապես Ալիկ Սարգսյանը, նրան փոխարինեց ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: