4 նոյեմբերի 2011 - 17:12 AMT
Ադամ Շիֆֆ. ԱՄՆ-ն պետք է օժանդակի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքին

Կոնգրեսական Ադամ Շիֆֆը նամակ է հղել արտասահմանյան գործողություններին հատկացումների գծով Սենատի և Ներկայացուցիչների պալատի ենթակոմիտեների նախագահներին` կոչ անելով նրանց USAID-ին ու Պետքարտուղարությանը կոչ անել առնվազն 10 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար օգնության և ծրագրերի զարգացման համար:

«Հաշվի առնելով Ադրբեջանի շարունակվող ռազմատենչ հռետորությունը` այսօր ավելի քան երբևէ կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ն օժանդակի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին»,- հայտնում է Շիֆֆը:

«Այդ միջոցները կօգնեն մարդկանց Ղարաբաղում հաղթահարել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կրկնակի շրջափակման արդյունքում ծագած հումանիտար ճգնաժամերը»,- ընդգծում է նա: «Ցավոք, Պետքարտուղարությունը չի կատարել Լեռնային Ղարաբաղին միջոցներ հատկացնելու` Կոնգրեսի նախկին խորհրդատվությունները` սկսած 2004-ից, այդ ժամանակից մինչև 2010թ. ԱՄՆ-ն ԼՂՀ-ին միայն 13 մլն դոլար է հատկացրել»,- նշում է կոնգրեսականն իր նամակում:

Ամփոփելով իր նամակը` Շիֆֆը նշում է, որ Ղարաբաղին ֆինանսավորման հատկացումը չի լուծի հակամարտությունը, սակայն կկայունացնի տարածաշրջանն ու հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԱՄՆ-ի հավատարմության հաստատումը կդառնա: