4 նոյեմբերի 2011 - 20:11 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը բարձր է գնահատում ՎԶԵԲ հետ արդյունավետ հարաբերությունները

Նոյեմբերի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փոխնախագահ Յան Ֆիշերին, ով Երևան է ժամանել Հայաստանի համար նոր ռազմավարության մշակման գործում ՎԶԵԲ-ի գործունեության առաջնահերթությունները հստակեցնելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրին` արտգործնախարարը բարձր գնահատեց Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև հաստատված երկարամյա արդյունավետ համագործակցությունը` ասելով, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դերը գնահատելի է ՀՀ տնտեսական, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների համատեքստում:

«Վերջին 20 տարվա ընթացքում ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվել է շուրջ 100 ծրագիր` 600 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր արժողությամբ` բանկային համակարգի, փոքր և միջին ձեռնարկատիրության, ագրոհատվածի և վերամշակող արդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում»,- նշեց նախարարը:

Յան Ֆիշերի խոսքով` այդ իրականացված ծրագրերն աչքի են ընկել իրենց արդյունավետությամբ և ՎԶԵԲ-ը շարունակելու է օժանդակությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Զրույցի ընթացքում կողմերը կարևորեցին ՀՀ կառավարության և ՎԶԵԲ համագործակցության հետևողական իրագործման ապահովումը, այդ փոխգործակցության արդյունավետության առավել բարձրացման նպատակով քայլերի ձեռնարկումը:

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

ՖՈՏՈՇԱՐՔ