5 նոյեմբերի 2011 - 11:24 AMT
Երևանը դիտարկվում է որպես IEF 2012 Միջազգային համաժողովի անցկացման վայր

Հայաստանը դիտարկվում է որպես IEF 2012 Միջազգային համաժողովի անցկացման համար նպատակահարմար վայր։Այս շաբաթ աշխատանքային այցով Երևան էր ժամանել FUTURE HORIZONS ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մալքոլմ Փեննը: Նրա այցի նպատակն էր դիտարկել և գնահատել Երևանը որպես IEF 2012 (Innovative Education Forum) Միջազգային համաժողովի անցկացման վայր: Այս մասին տեղեկացնում են «Սինոփսիս Արմենիա» ընկերության մամլո ծառայությունից։

«Այս համաժողովը ամեն տարի անց է կացվում տարբեր երկրներում: Ամեն տարի համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի ամենագլխավոր դերակատար 100 ընկերությունների առաջին դեմքերը։ Հայաստանում այս համաժողովի անցկացումը շատ լավ հնարավորություն է ընդգծելու Հայաստանը որպես ՏՏ ոլորտը տնտեսության զարգացման գերակա ճյուղ հայտարարած երկրի և ներկայացնելու անկախության տարիների ընթացքում ունեցած ՏՏ ոլորտի ձեռքբերումները: Հայաստանը շատ գրավիչ երկիր է ՏՏ ոլորտի ներդրողների համար, քանի որ այստեղ ես տեսնում եմ փայլուն տաղանդի առկայություն, կրթական ուժեղ ավանդույթներ և կառավարության կողմից օժանդակության պատրաստակամություն:»,- ասել է Մալքոլմ Փեննը։

Իր այցի ընթացքում Մալքոլմ Փեննը հանդիպել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան ` Ն.Գ. պարոն Չարլզ Լոնսդեյլին, այցելել «Սինոփսիս Արմենիա» գիտա-արտադրական կենտրոն, ինչպես նաև դասախոսություն կարդացել «Սինոփսիս Արմենիայի» կրթական ծրագրով սովորող Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողների համար: