5 նոյեմբերի 2011 - 11:50 AMT
«Ազատության տորմիղի» կազմակերպիչները խոստանում են Գազայի հատվածի ապաշրջափակման փորձերի նոր ալիք

Պաղեստինամետ Free Gaza նավատորմի կազմակերպիչները, որոնք նախօրեին կասեցվել են Գազայի ափից 30 կմ հեռավորության վրա, պնդում են, որ նրանց ակցիան Գազայի հատվածի ապաշրջափակման փորձերի նոր ալիքի սկիզբն է միայն:

Նոյեմբերի լույս 5-ի գիշերը ձերբակալված քաղաքացիներն ու ծայրահեղ աջ իսրայելցին հարցաքննվել են, որից հետո տեղափոխվել քննչական մեկուսարան, որտեղից պաղեստինամետ ակտիվիստները կտեղափոխվեն Բեն Գուրիոն միջազգային օդանավակայան՝ հայրենիք մեկնելու համար: Ով հրաժարվի մեկնել կամավոր, կարտաքսվի դատարանի որոշմամբ: Իսրայելցին հարցաքննությունից հետո ազատ է արձակվել:

Ինչպես հայտնում է «Ռեշետ Բետ» ռադիոկայանը, ձերբակալված «խաղաղապահների» թվում են Հունաստանի 2 քաղաքացիներ, Կանադյաի 3 քաղաքացիներ, Ավստրալիայի 1 քաղաքացի, Շոտլանդիայի 1 քաղաքացի, Եգիպտոսի 1 քաղաքացի, ԱՄՆ 3 քաղաքացի, Իսպանիայի 3 քաղաքացի, Մարոկկոյի քաղաքացի և Իռլանդիայի 14 քաղաքացիներ, ինչպես նաև մեկ իսրայելցի:

Հակառակ ակտիվիստների հայտարարություններին հումանիտար օգնություն տրամադրելու մասին, իռլանդական ու կանադական նավերի զննման ժամանակ հումանիտար բեռ չի հայտնաբերվել:

Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Կանադայի քաղաքացի Դերեկ Օկիֆը հայտարարել է, որ նման տորմիղներ են ստեղծվում տարբեր երկրներում, գաղտնի պայմաններում: Ynet ինտերնետ հրատարակությունը հայտնում է, որ ըստ Օկիֆի, նոր տորմիղներ են նախապատրաստվում, այդ թվում, նաև Կանադայում: