5 նոյեմբերի 2011 - 15:26 AMT
Հայաստանը կարևորում է ՄԶՓՀԱՊԿ հետ համագործակցությունը

Նոյեմբերի 4-ին Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (ՄԶՓՀԱՊԿ) Գործադիր քարտուղար Տիբոր Թոդին հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին` Գործադիր քարտուղարը գոհունակություն հայտնեց կազմակերպության հետ ՀՀ համագործակցության կապակցությամբ` բարձր գնահատելով Հայաստանի կողմից Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման մասին համաձայնագրի ստորագրումը և վավերացումը: Տիբոր Թոդը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը և խնդիրները:

ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանն իր հերթին կարևորեց ՀՀ համագործակցությունը Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության հետ և հետագայում արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: