5 նոյեմբերի 2011 - 16:18 AMT
Նոյեմբերի 5-ին ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի 2011թ. առաջնությունը

Նոյեմբերի 5-ին ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի 2011թ. առաջնությունը: Դեռևս նախքան վերջին` 28-րդ մրցափուլը երևանյան «Ուլիսն» ապահովեց իր ոսկե մեդալները, սակայն պայքարը շարունակվում էր երկրորդ և երրորդ տեղերի համար:

«Միկա» մարզադաշտում խաղացին «Փյունիկն» ու «Միկան»: Առաջին իսկ րոպեներից թիմերը շատ զգույշ էին գործում, և խաղը հիմնականում դաշտի կենտրոնում էր ընթանում: Արդյունքում առաջին խաղակեսում խաղի հաշիվն այդպես էլ չբացվեց: Երկրորդ խաղակեսում ավելի ակտիվ սկսեցին խաղալ «Միկայի» մարզիկները, բայց լավ էր խաղում նաև «Փյունիկի» դարպասապահը կամ էլ հարվածները ճշգրիտ չէին: Խաղի հաշիվն այդպես էլ չբացվեց, և հանդիպումն ավարտվեց 0:0: «Փյունիկը» վաստակեց 46 միավոր և նվաճեց երկրի առաջնության արծաթե մեդալները: «Միկան» 44 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը:

«Բանանց» - «Գանձասար» հանդիպումը նույնպես լարված էր, հաղթանակի դեպքում թիմերից մեկը կարող էր առաջնության մրցանակակիր դառնալ: Սակայն ֆուտբոլիստներն այդպես էլ չկարողացան գոլեր իրացնել, և խաղն ավարտվեց ոչ ոքի: Դրա շնորհիվ «Գանձասարը» 46 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը և բրոնզե մեդալներ նվաճեց: «Բանանցը» մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 4-րդ տեղը:

Իջևանում «Իմպուլսն» ընդունեց «Ուլիսին»: Հայաստանի 2011թ. չեմպիոնը բացեց խաղի հաշիվն առաջին խաղակեսի սկզբում, սակայն 73-րդ րոպեին «Իմպուլսի» ֆուտբոլիստներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը` 1:1: «Իմպուլսն» այս սեզոնում 37 միավորով գրավեց վեցերորդ տեղը:

«Շիրակն» իր ելույթներն ավարտեց նախավերջին, իսկ «Արարատը»` վերջին տեղում: Վերջին մրցափուլում «Շիրակը» 12-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ արդեն երկրորդ խաղակեսում կրկնապատկեց այն: Գևորգ Կարապետյանը խաղի ավարտին կարողացավ իրացնել «Արարատի» միակ գոլը, սակայն ավելին այդ թիմը չկարողացավ անել: Հանդիպումն ավարտվեց 3:1 հօգուտ «Շիրակի»: