5 նոյեմբերի 2011 - 16:19 AMT
Երևանում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային պատանեկան առաջնությունը

Նոյեմբերի 5-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային պատանեկան առաջնությունը` նվիրված ԽՍՀՄ հայտնի մարզիչներ Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների հիշատակին:

Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի հայտնի մարզիչներ և մարզիկներ: Իր խոսքում Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը ողջունել է բոլոր մասնակիցներին ու հյուրերին` նշելով, որ առաջնությունն ավանդական է և տեղի է ունենում արդեն երրորդ անգամ: «Ես շատ ուրախ եմ, որ այսօր ելույթ են ունենում այսպիսի լավ և ակտիվ ըմբիշներ: Շուտով նրանք կհամալրեն Հայաստանի հավաքականների շարքերը և միջազգային առաջնություններում նույնպես ցույց կտան իրենց ուժը»,- ասել է Ենոքյանը:

Մրցաշարին մասնակցում են մոտ 200 ըմբիշներ Հայաստանից, Վրաստանից և Լեռնային Ղարաբաղից: Առաջին մենամարտերն արդեն մեկնարկել են, իսկ ավելի ուշ ելույթ կունենան եզրափակչի մասնակիցները մինչև 42 կգ, 50 կգ, 58 կգ, 69 կգ և 85 կգ քաշային կարգերում: