5 նոյեմբերի 2011 - 19:05 AMT
Գևորգյան հոգևոր ճեմարանում բացվել են հանդիսությունների դահլիճ և մարզասրահ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 12-րդ տարեդարձի և ծննդյան 60-ամյակի տոնակատարությունների շրջանակում տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճի և մարզասրահի բացման արարողությունը: Էջմիածնից հայտնում են, որ Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական հարկաբաժնին կից մասնաշենքը նախագծել է անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը: Կառույցի հիմնարկեքը տեղի է ունեցել 2009թ. հուլիսի 11-ին:

Բացման արարողությանը ներկա էին մասնաշենքի բարերարներ տեր և տիկին Պետրոս և Աննա Օրունջանկչիելները, թեմակալ առաջնորդներ ու Մայր Աթոռի միաբանությունը, Մայր Աթոռի բարերարներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոսներ ու սաներ:

Նորակառույց շենքի առջև Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որից հետո բարերարները, հատելով մուտքի ժապավենը, Գարեգին Բ Վեհափառի հետ մուտք գործեցին նորաբաց մասնաշենք: