26 հուլիսի 2000 - 17:26 AMT
ԵՐԿՈՒ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ, ՊՆԴՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
26.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության մամլո ծառայության ղեկավար Արազ Կուրբանովը հաստատել է հայկական կողմի տեղեկությունը այն մասին, որ Ադրբեջանում պահվում են եւս երկու հայ ռազմագերիներ:
Նրա խոսքերով, վերջերս նրանք կամավոր հանձնվել են ադրբեջանական կողմին: Կուրբանովը ասել է, որ նրանցից մեկը` Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Միշա Մուրադյանը հայտարարել է, որ զինվորական ծառայության ընթացքում սպաների կողմից ենթարկվել է ծաղրանքի եւ ծեծի: Մյուս ռազմագերին` Տիկո Տիկոյանը քուրդ է: Կուրբանովի խոսքերով, Տիկոյանը հայտարարել է, որ բանակում նրան միշտ ծաղրել եւ վիրավորել են` հայ չլինելու պատճառով:
Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության մամլո ծառայության ղեկավարի խոսքերով, երկու ռազմագերիներն էլ չեն ցանկանում վերադառնալ Հայաստան` վախենալով հետապնդումներից: Ներկայումս Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի ներկայացուցիչները բանակցություններ են վարում նրանց հետ, եւ ադրբեջանական կողմը մտադիր է մոտ ապագայում վերադարձնել նրանց, - ասել է Կուրբանովը: --0--