7 նոյեմբերի 2011 - 11:56 AMT
Աիստե Զիլինսկիենե. Քաղաքացիները հաճախ ավելի օպերատիվ են գտնվում, քան լրագրողները

Նոյեմբերի 5-ին կայացավ Բալթյան երկրների առաջատար Delfi.lt պորտալի հասարակայնության հետ կապերի տնօրեն Աիստե Զիլինսկիենեի վարպետության դասընթացը «Երևանյան վեբ-հանդիպումներ 2011» (Yerevan Web Meetings) նախագծի շրջանակներում։Աիստե Զիլինսկիենեն պատմեց, որ Delfi պորտալը ստեղծվել է 1999-ին Էստոնիայում։

«Մեր տարածաշրջանում դեռ կա մրցակցություն թերթերի հետ և ինտերնետ լրատվական պորատալները ընդամենը 9-ն են։ Delfi-ն ամենամեծ լրատվական կայքն է՝ օրական 300 000 ընթերցողներով»,- ասաց նա և նշեց, որ Delfi-ում տեղեկությունները փնտրում են և գրում ոչ միայն լրագրողները, այլև սովորական մարդիկ։

«Քաղաքացիները հաճախ ավելի օպերատիվ են գտնվում, քան լրագրողները։ Երբ ինչ-որ միջադեպ է լինում, տեսնում ենք, որ բոլոր մարդիկ հեռախոսներով նկարում են և ուղարկում մեզ։ Մենք ունենք հատուկ բաժին քաղաքացիների ուղարկած լուրերի համար։ Մենք ճշտում են ուղարկված լուրի հավաստիությունը, ապա թեթևակի խմբագրում լրագրողական տեսքով և դնում կայքում և հատուկ նշան ունենք ստեղծած, որից հասկացվում է, որ լուրը քաղաքացի է ուղարկել»,- պատմեց Աիստե Զիլինսկիենեն։ Ըստ նրա, մարդկանց ուղարկած լուրերի 90%-ը տեղադրվում է կայքում, այս կերպ խմբագրությունը ընթերցողների կողմից վստահություն է ձեռք բերում։

Լիտվայում այսօր 65%-ը բնակչության ինտերնետ օգտագործող է, ինչ մեծ ցուցանիշ է։ Աիստե Զիլինսկիենեի խոսքով, այժմ մարդիկ շատ են սիրում լուրեր կարդալ անմիջապես բջջայինից և տվյալ դեպքում շատ կարևոր է լրատվականի համար ունենալ սեփական բջջային ծրագիր։

Delfi պորտալի առաջատար լինելը կապված է մի քանի փաստի հետ։ Delfi-ն ամենաառաջին լրատվական կայքն էր, այն բազմաժանր է. տալիս է թե՛ նորություններ, թե՛ տեսանյութեր, թե՛ ֆոտոլուրեր, թե՛ հարցազրույցներ հայտնիների հետ, կարծիքներ և ունի կից առանձին թեմատիկ պորտալներ՝ բնապահպանական, ավտոաշխարհի և այլն։

«Մենք պարբերաբար նաև կազմակերպում ենք օնլայն կոնֆերանսներ, ինչը շատ են սիրում ընթերցողները, նրանք կարողանում են հղել հարցեր կոնֆերանսի հյուրերին։ Ունենք նաև բլոգեր, որոնք վարում են հայտնի մարդիկ։

Աիստե Զիլինսկիենեի խոսքով, բալթյան երկրների բնակիչները սոցիալական ցանցերում ակտիվ չեն և Facebook-ի գործոնը լրատվական կայքի համար այցելությունների հսկա թրաֆիկ չի ստեղծում։ «Հակառակն է, հաճախ մեր միջոցով են շատերը գրանցվում Facebook-ում և ակտիվանում։ Մեր պորտալի ուղիղ այցելությունները (direct traffic) կազմում են 75%-ը»,-ավելացրեց նա։

Աիստե Զիլինսկիենեն պատմեց նաև կայքի դիզայնի, գովազդների և կայքի այլ կողմերի մասին։

«Երևանյան վեբ հանդիպումներ»-ի նախաձեռնողն է «Մեդիամաքսը»՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ։ Նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության ստեղծման և առաջխաղացման արտասահմանյան փորձը:

Նախագծի շրջանակներում յուրաքանչյուր շաբաթ օրերին համացանցի արտասահմանցի մասնագետներ հանդես են գալիս վարպետության դասընթացներով։ Դասերն անվճար են, բաց լուսաբանման համար և անցկացվում են ոչ ֆորմալ մթնոլորտում։

Նախագծի շրջանակում արդեն կայացել է Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկու, Rambler Internet Holding ընկերության նախկին գլխավոր կոմերցիոն տնօրեն, ivi.ru պորտալի հիմնադիր և բաժնետեր Աննա Զնամենսկայայի, Lenta.ru-ի հիմնադիր և ռուսաստանյան ինտերնետի «կնքահայրերից» Անտոն Նոսիկի վարպետության դասընթացները։