7 նոյեմբերի 2011 - 13:26 AMT
Գինեգործ. Այս տարի առաջին անգամ գյուղացին ինքն է գին թելադրել

Այս տարվա գինեգործական սեզոնն առանձնացել է 20-ամյա Հայաստանի պատմության մեջ նրանով, որ առաջին անգամ գյուղացին ինքն էր խաղողի մթերման ժամանակ գին թելադրում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

«Պատճառը շուկայում գինու ու կոնյակի դիրքերի փոփոխությունն է։ ԱՊՀ երկրների շուկայում կոնյակը կորցրեց 75 տոկոս, իսկ ռուսական շուկայում գինու շրջանառությունն ավելացավ 65 տոկոսով։ Եվ կոնյակ արտադրողները հասկացան, որ գինուն պետք չէ մատների արանքով նայել»,- իրավիճակը մեկնաբանեց բանախոսը` նշելով, որ կոնյակը միշտ էլ խանգարել է հայկական գինու արտադրությանը։

Շուկայում դիրքերի փոփոխությունը բերել է մրցակցության աճի, և այս տարի առաջին անգամ գինեգործները վճարել են նվազագույնը 135 դրամ սպիտակ և 167-170 դրամ սև խաղողի կիլոգրամի համար` նախկին 70 դրամի փոխարեն. «Սա, իհարկե, վատ կողմ էլ ունեցավ, քանի որ սկսեցին արագ հավաքել խաղողը, ու գինի արտադրողները վատ խաղող գնեցին»։

Գինեգործների միության նախագահը կանխատեսում է, որ մյուս տարի խաղողի մթերման գինը էլ ավելի կբարձրանա, ինչն էլ իր հերթին կբերի գինու թանկացման։