7 նոյեմբերի 2011 - 13:34 AMT
Էջմիածնում ձեռնադրվել են 6 եպիսկոպոսներ

Նոյեմբերի 6-ին, հընթացս Հայրապետական Սբ. Պատարագի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն: Էջմիածնից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում են ստացել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տ. Հայկազուն ծայրագույն վարդապետ Նաջարյանը, Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև վարդապետ Հակոբյանը, Գևորգյան Հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը և Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան վարդապետ Հակոբյանը: