Անդրանիկ Շխյան. «Զվարթնոց» օդանավակայանը չի բարձրացրել սակագները ավիափոխադրողների համար

Անդրանիկ Շխյան. «Զվարթնոց» օդանավակայանը չի բարձրացրել սակագները ավիափոխադրողների համար

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանը չի բարձրացրել սակագները ավիափոխադրողների համար, նոյեմբերի 7-ին օդանավակայանի նոր տերմինալում լրագրողներին հայտարարել է «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը՝ մեկնաբանելով «Արմավիա» ավիաընկերության կողմից տարածված տեղեկատվությունը ծառայությունների գների բարձրացման մասին։

«Դա շատ բարդ գործընթաց է, որը պահանջում է շատ կողմերի համաձայնեցում, այդ թվում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ)»,- ասել է նա:

Անդրադառնալով «Արմավիա» ավիաընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նա հաղորդել է, որ չվերթների սպասարկման ժամանակացույցը պահպանվելու է մինչև ընթացիկ շաբաթվա կեսը, հավելելով, որ կողմերի միջև տարաձայնությունները սովորական երևույթ են կոմերցիոն հարաբերություններում։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, «Արմավիան» դրական է տրամադրված պարտքը մարելու հարցում, որը երկու անգամ գերազանցում է սահմանված չափերը։

Ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը նոյեմբերի 3-ին ստիպված է եղել երեք չվերթ հետաձգել այն քաղաքականության պատճառով, որը վարում է «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը:

Նախնական պայմանավորվածության համաձայն, «Զվարթնոց» օդանավակայանը չի հետաձգի «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը մինչև երեքշաբթի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Արմավիայի» մամլո քարտուղար Նանա Ավետիսովան: Այս կապակցությամբ նա հավելել է, որ oդանավակայանի և ընկերության միջև բանակցությունների ավարտին երեքշաբթի օրը վերջնական պայմանավորվածություն ձեռք կբերվի սակագնային քաղաքականության վերաբերյալ:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Արմավիայի» մամլո քարտուղար Նանա Ավետիսովան հաղորդել է, որ ներկա պահին բանակցություններ են ընթանում «Զվարթնոց» օդանավակայանի հետ, քանի որ նրանք ձմռանը ընդառաջ բարձրացրել են սակագները: «Բանն այն է, որ օդանավակայանն արդեն կառուցված է, և մեզ թվում է, որ կարելի էր վերանայել այդ գները: Այն գները, որոնք եղել են ամռանը, երբ նրանք զիջումների էին գնացել, արդեն հանել են: Ամբողջ խնդիրն այս է»,- պարզաբանել է նա:

Նանա Ավետիսովան հաղորդել է նաև, որ չվերթը դեպի Սոչի և Մինվոդի արդեն կատարվել է, հետաձգվում է միայն Մոսկվան: Օդանավակայանի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանն իր հերթին հաղորդել է, որ «ոչ մի գներ ոչ մեկի համար չեն բարձրացվել»: Նրա խոսքով` չվերթների սպասարկումը հետաձգվել է օդանավակայանին ընկերության պարտքերի պատճառով, որոնք երկու անգամ գերազանցում են նորման: «Իսկ չվերթների սպասարկումը մենք սկսել ենք 18:00-ին, որպեսզի ուղևորներին ավելի տհաճ իրադրության մեջ չդնենք»,- ընդգծել է նա: «Զվարթոցի» ներկայացուցիչը նաև հավելել է, որ «Արմավիայի» կողմից պարտականությունները չկատարելու դեպքում այսօրվա իրադրությունը կարող է կրկնվել նաև վաղը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---