Երևանն ու Կահիրեն կարող են քույր քաղաքներ ճանաչվել

Երևանն ու Կահիրեն կարող են քույր քաղաքներ ճանաչվել

PanARMENIAN.Net - Երևանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարի առաջին տեղակալ Հուսամ Նասսարի հանդիպման ժամանակ քննարկվել են նոյեմբերի 4-ից 11-ը Հայաստանում եգիպտական մշակույթի օրերի անցկացման հետ կապված հարցեր:

Քաղաքապետարանից հայտնում են, որ Վանո Վարդանյանը կարևորել է հայ-եգիպտական հարաբերությունների համատեքստում Երևանի ու Կահիրեի միջև ձևավորված ջերմ և բարեկամական գործակցությունը, այդ թվում նաև մշակութային փոխգործակցության առումով: Նշվել է, որ նախատեսվում են օպերային ներկայացումներ, գրքերի շնորհանդեսներ և այլ մշակութային միջոցառումներ:

Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարի առաջին տեղակալ Հուսամ Նասսարին ընդգծել է, որ Եգիպտոսի հայ համայնքը ծանրակշիռ դերակատարում ունի երկրի մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքում` հավելելով, որ ինքն անձամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Հուսամ Նասսարին կիսվել է նաև Երևանից ստացած իր տպավորություններով ու ընդգծել, որ բավականին տպավորված է մայրաքաղաքի քաղաքաշինական լուծումներով և բարեկարգման նկատելի աշխատանքներով:

Հուսամ Նասսարին վստահեցրել է, որ Եգիպտոս վերադառնալուց հետո Կահիրեի քաղաքապետին կներկայացնի Երևանի հետ համագործակցության նոր առաջարկներ` ինչպես մշակութային, այնպես էլ քաղաքաշինության, զբոսաշրջության և այլ բնագավառների մասով: Հյուրը նաև կարծիք է հայտնել երկու երկրների արտգործնախարարությունների մակարդակով քննարկել Երևանն ու Կահիրեն քույր քաղաքներ դարձնելու հեռանկարը, ինչին փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը նույնպես դրական է արձագանքել:

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են առաջիկայում մշակել համագործակցության կոնկրետ ծրագրեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---