7 նոյեմբերի 2011 - 16:52 AMT
Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ համագործակցության զարգացումը

Նոյեմբերի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Տիկահիտո Հարադային (նստավայրը` Մոսկվա) ` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է վերջին տարիներին նոր թափ ստացած Ճապոնիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը` հույս հայտնելով, որ նոր դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա երկու երկրների միջեւ ձեւավորված համագործակցության ամրապնդման գործում: «Անցյալ տարի Տոկիոյում ՀՀ դեսպանության հիմնումը վկայում է Ճապոնիայի հետ համակողմանի համագործակցության զարգացմանը մեր կողմից տրվող կարեւորության մասին»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:

Դեսպան Հարադան, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար:

Ճապոնիայի դեսպանը նաեւ իր երկրի կառավարության անունից երախտագիտություն հայտնեց ս.թ. մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ Հայաստանից ստացված ցավակցությունների եւ բնական աղետի հետեւանքների վերացման համար ցուցաբերած օժանդակության համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության խթանման եւ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսության զարգացմանը Ճապոնիայի կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Զրուցակիցները քննարկեցինք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:

Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները: