Կոռուպցիայի դեմ պայքարի հաջողության համար անհրաժեշտ է փոխել մտածելակերպը, գտնում է Արմեն Աշոտյանը

Կոռուպցիայի դեմ պայքարի հաջողության համար անհրաժեշտ է փոխել մտածելակերպը, գտնում է Արմեն Աշոտյանը

PanARMENIAN.Net - Կոռուպցիայի դեմ պայքարի հաջողության համար անհրաժեշտ է փոխել ներկայումս Հայաստանում առկա մտածելակերպը, կոռուպցիոն երևույթների հանդեպ բնակչության վերաբերմունքը: Այդ մասին «Հրապարակայնություն և հաշվետվություն` Բոլոնյան գործընթացի գլխավոր սկզբունքները» սեմինար-քննարկման ժամանակ հայտնել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի հաջողության թիվ մեկ պայմանը մտածելակերպն է»,- ընդգծել է նա: Աշոտյանի խոսքով` բնակչությանն ավելի շատ պետք է հետաքրքրի ոչ թե այն, թե ով է ընդունվում, այլ թե ով է ավարտում բուհերը, «ով է իրեն բուժելու և ուսուցանելու»:

Նախարարը նշել է, որ սոցհարցումների համաձայն, ծնողների 40 տոկոսը կոռուպցիա չի համարում այն փաստը, որ իրենք պայմանավորվում են իրենց երեխաների` բուհ ընդունվելու վերաբերյալ, իսկ հարցված ուսանողների մոտ կեսը կոռուպցիա չի համարում «որևէ վերաբերմունքի» ցուցաբերումը դասախոսին քննություններից առաջ կամ հետո: Այս կապակցությամբ նա նկատել է, որ կոռուպցիան երկկողմանի երևույթ է:

Կրթության նախարարի կարծիքով` առկա իրադրությունը շտկելու համար անհրաժեշտ է ԶԼՄ-ների հետ համատեղ համոզել ժողովրդին պայքարել իր օրինական իրավունքների համար, իսկ երիտասարդությանը` որ կյանքում հաջողության կարող է հասնել միայն լավ մասնագետը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---