Վլադիմիր Պուտին. Օգնությունը Եվրոպային չի նշանակում զիջումներ որևէ ոլորտում

Վլադիմիր Պուտին. Օգնությունը Եվրոպային չի նշանակում զիջումներ որևէ ոլորտում

PanARMENIAN.Net - Ռուսաստանն օգնությունը Եվրոպային չի կապելու էներգետիկ կամ այլ ոլորտներում զիջումների հետ: Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստի արդյունքների ամփոփիչ մամլո ասուլիսում նման հայտարարություն է կատարել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը:

«Որպես ԱՄՀ (Արժույթի միջազգային հիմնադրամ) անդամ` մենք աջակցելու ենք հիմնադրամի գործիքների միջոցով: Մենք շահագրգռված ենք, որպեսզի եվրագոտում խնդիրներ չլինեն: Մենք դա չենք կապելու ո'չ էներգետիկայի, ո'չ որևէ այլ բանի հետ»,- նշել է ՌԴ վարչապետը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Պուտինը նշել է նաև, որ եթե այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը, Եվրոպայում իրադրության բարելավման ուղղությամբ ջանքեր գործադրեն այնպիսի կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԱՄՀ-ն, դա կնպաստի Մոսկվայի և Պեկինի կարգավիճակի բարձրացմանն այդ կազմակերպություններում:

Այն մասին, որ Ռուսաստանն օգնություն կցուցաբերի եվրագոտուն, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 3-4-ին ֆրանսիական Կանն քաղաքում: ՌԴ նախագահի խոսքով` Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Եվրոպայի աջակցությանը նախ և առաջ ԱՄՀ մեխանիզմների միջոցով, բայց այդ օգնությունը որոշիչ չի դառնա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---