8 նոյեմբերի 2011 - 09:36 AMT
Գործարկվել է YerevanGuide.am՝ Երևանը մի տեղում նախագիծը

Արդեն մի քանի օր է, ինչ գործարկվել է yerevanguide.am նախագիծը։ Սա կայք է, որն ամեն ինչ քարտեզավորած հավաքում է մի տեղում՝ Երևանը մի տեղում։ Նախագծի հեղինակն է «ZOOM GRAPHICS» ընկերությունը։ Հեղինակներից Արամ Շահինյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կայքը հատկապես հարմար կլինի զբոսաշրջիկների համար։

«Մի տեղ այցելելով, նրանք ամեն ինչ կիմանան՝ որտե՞ղ ինչ միջոցառում կա, որտե՞ղ կարելի է ընթրել, ո՞ւր գնալ երեկոյան և այլն։ Նման կայք ստեղծելու գաղափարն առաջացավ մոտ 4 ամիս առաջ։ Ե՛ս էլ, ընկերներ՛ս էլ որպես օգտագործող միշտ նման կայքի կարիքը զգացել ենք։ Այստեղ ամեն ինչ կարելի է գտնել հասցեով՝ քարտեզի վրա և ծանոթանալ օրվա իրադարձությունների ցանկին։ Կայքը դեռ ավարտուն չէ՝ աշխատում է alpha (նախնական) տարբերակով»,-ասաց Արամ Շահինյանը։

Yerevanguide.am-ում յուրաքանչյուր ոք կարող է իրադարձություն ավելացնել ՝ սեղմելով «ավելացնել իրադարձություն» կոճակը։ Բացի իրադարձություններից կա վայրեր ավելացնելու հնարավորություն։ «Այցելուները կարող են ավելացնել ցանկացած վայր՝ թանգարան, կինոթատրոն, կազմակերպություն և այլն։ Մենք բոլոր իրադարձությունները և վայրերը այս պահին ավելացնում ենք՝ օգտագործելով Facebook սոցիալական ցանցի իրադարձությունները կամ թանգարանների, թատրոնների և նման այլ կառույցների պաշտոնական կայքերի տեղեկությունները»,- նշեց Արամ Շահինյանը։ Նրա խոսքով, հետագայում նախատեսվում է ավելացնել Երևանի հուշարձանները և մշակութային բոլոր վայրերը։

Արամ Շահինյանը նշեց նաև, որ կա կայքը՝ որպես սոցիալական ցանց ինտեգրացնելու գաղափար և հետագայում կստեղծվի նաև կայքի բջջային ծրագիրը (application):

Yerevanguide.am-ը երկլեզու է՝ անգլերեն և հայերեն։ Մինչև տարեվերջ այն կունենա նաև ռուսերեն տարբերակը և կիրագործվեն բոլոր նախատեսվող թարմացումները։