25 հուլիսի 2000 - 17:27 AMT
ՎԱՂԸ ՆԱՏՕ-ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
25.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հուլիսի 26-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` քաղաքական հարցերով տեղակալ Կլաուս-Փիթեր Քլայբերը եռօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Ինչպես հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը Հայաստանի ԱԳՆ-ում, Քլայբերը նախապատրաստելու է աշնանը կայանալիք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնի այցը Հայաստան: Երեւանում Քլայբերը կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին եւ այլ պաշտոնյաներին:
Ընթացիկ տարվա մարտին Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանի եւ Կլաուս-Փիթեր Քլայբերի հանդիպումը, որի ընթացում Շուգարյանը առանձնահատւկ ուշադրություն էր նվիրել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման փաստի անընդունելիությանը, ինչը, նրա խոսքերով, դժվարեցնում է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը` հաշվի առնելով Թուրքիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին: Փաստորեն, հայտարարել էր Ռուբեն Շուգարյանը, «փակված է ոչ միայն հայ-թուրքական, այլեւ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի սահմանը»:
Ընթացիկ տարում Հայաստանը զգալիորեն ակտիվացրել է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: «Եթե համեմատենք Հայաստանի եւ նախկին Միության մյուս պետությունների փոխհարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, ապա կարելի է հաստատակամորեն ասել, որ Հայաստանի համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ շատ պասիվ է», ապրիլին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր Հայաստանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Արա Պապյանը: «ՆԱՏՕ-ն մի հզոր կառույց է, եւ դա չի կարելի անտեսել: Ընդ որում անհրաժեշտ է նշել, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը ուղղված չէ որեւէ պետության դեմ», - նշել էր Արա Պապյանը: --0--