8 նոյեմբերի 2011 - 16:29 AMT
Կարեն Մանվելյան. Թռչկանի հարակից տարածքին պետք է տալ արգելավայրի կարգավիճակ

Վտանգի տակ է և պահպանության կարիք ունի ոչ միայն Թռչկան ջրվեժը, այլև հարակից ընդհանուր էկոհամակարգը, որն ունիկալ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:

«Այնտեղ բավական հարուստ կենսաբազմազանություն է, միջազգային և Հայասանի կարմիր գրքերում ներառված բազմաթիվ կենդանիներ ու բուսատեսակներ կան»,- ասաց նա` հավելելով, որ իրենք կշարունակեն ուսումնասիրությունները և արդեն գարնանը համապատասխան կառույցների հետ համագործակցելով, կսկսեն անտառների վերականգման աշխատանքներ: Դա կկանխի սողանքները և կնպաստի կենսաբազմազանության պահպանմանը:

Բանախոսը նաև նշեց, որ այնտեղ բավական տարածված է որսագողությունը. «Այնտեղ եղել են գորշ արջեր, կխտարներ, այծյամներ, վայրի խոզեր, որոնք գրեթե վերացել են»:

Մանվելյանը նշեց, որ անհրածեշտ է ստեղծել հատուկ պահպանվող տարածք և հավելեց, որ ամենահարմարը կլինի արգելավայրի կարգավիճակը: Այն հնարավրություն կտա պահպանել ոչ միայն ջրվեժը, այլև խոցելի էկոհամակարգը: