8 նոյեմբերի 2011 - 16:35 AMT
Հայաստանի փոքրիկ երգիչներն ավարտեցին անկախության 20-ամյակի շրջագայությունները

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն (գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյան) ավարտեց «Անկախության սերունդ» խորագրով համերգաշարը, որը նվիրված էր ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին երգչախմբի գրասենյակից, համերգաշարը սկսվել է սեպտեմբերի 29-ին և ավարտվել նոյեմբերի 3-ին: Երգչախումբը ելույթ է ունեցել Լեռնային Ղարաբաղում, Սյունիքի մարզում, իսկ ելույթներն ավարտել Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում: Երգչախումբն, ընդհանուր առմամբ, ելույթ է ունեցել 7 բնակավայրերում: Համերգային ծրագրում ընդգրկված էին ամենաբազմազան ստեղծագործություններ` սկսած հայ ժողովրդական երգարվեստի գոհարներից մինչև համաշխարհային դասական երաժշտություն նմուշներ: