8 նոյեմբերի 2011 - 17:10 AMT
Հնդկաստանի կապի և ՏՏ փոխնախարարին շնորհվել է ՀՊՃՀ ոսկե հուշամեդալ

ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետիսյանը ՀՊՃՀ Ոսկե հուշամեդալ է հանձնել Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտին։ Այս մասին հայտնում են ՀՊՃՀ տեղեկատվության բաժնից։

Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Սաչին Պիլոտի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ):

ՀՊՃՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արա Ավետիսյանը բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Ճարտարագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից երախտիքի և շնորհակալության խոսքեր հղել նախարարին ու Հնդկաստանի կառավարությանը` հայ-հնդկական կենտրոնի հիմնադրման առիթով:

«Կենտրոնի բացումը Երևանում էապես կօժանդակի կրթական հաստատություններին`ՏՏ ոլորտում գործող` մասնագիտական պատրաստվածության առումով խստապահանջ ձեռնարկությունների համար բարձրորակ կադրեր պատրաստելու գործում»,- նշել է ռեկտորը:

«Ներկայիս արագ զարգացող ՏՏ ոլորտը խիստ պահանջներ է դնում համապատասխան մասնագիտություններ ունեցող բուհերի և ուսանողների առջև: Ուստի պետք է օգտագործել բոլոր միջոցները և հնարավորությունները` երիտասարդներին գիտելիքներով զինելու և մրցունակ դարձնելու համար: Կարծում եմ` այս հարցում հայ-հնդկական կենտրոնը կծառայի նաև այդ նպատակին»,-նշել է հնդիկ պետնախարարը: