8 նոյեմբերի 2011 - 17:45 AMT
Էդգար Մալաքյան. Չեխիայի կազմում հանդես են գալիս լավ ֆուտբոլիստներ, սակայն, մենք, որպես թիմ շատ ավելի ուժեղ ենք

«Չեխիայի հետ խաղում մենք կաշխատենք ամեն ինչ անել հասնելու համար դրական արդյունքի: Մենք խաղում ենք սեփական դաշտում, կարծում եմ, որ մեզ համար հաջողություն կհամարվի միայն հաղթանակը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը:

Նոյեմբերի 11 և 15-ին երիտասարդական թիմը Երևանում Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կխաղա Չեխիայի ու Ուելսի հետ: 3-րդ խմբում Ռաֆայել Նազարյանի սաները վաստակել են 7 միավոր և գրավում են առաջին տեղը: Չեխիան նույնպես ունի 7 միավոր, սակայն, 2-րդ տեղում է:

Չեխիայի հետ առաջին խաղում, որն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1, Մալաքյանը խփեց հայկական թիմի միակ գոլը: Նա չի համարում, թե Չեխիան խմբի ֆավորիտն է, քանի որ հավաքականները պահպանում են Եվրոպայի առաջնությանը մասնակցելու շանսը: «Չեխիայի կազմում հանդես են գալիս լավ ֆուտբոլիստներ, սակայն, որպես թիմ, մենք շատ ավելի ուժեղ ենք»: