8 նոյեմբերի 2011 - 18:09 AMT
Վարչապետ. Մենք մտադիր ենք անցկացնել ամենաթափանցիկ ընտրություններն անկախ Հայաստանի պատմության ընթացքում

ԵԺԿ քաղաքական ասամբլեային մասնակցող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ասել է. «Մենք նպատակ ունենք անցկացնել ամենաթափանցիկ և արդար ընտրություններն անկախ Հայաստանի քսանամյա պատմության ընթացքում»: Այս հարցում վարչապետը կարևորել է նոր ընտրական օրենսգիրքն ու հանրային ծառայությունների մասին օրենքը, որը թափանցիկ է դարձնելու պետական պաշտոնյաների գործունեությունը:

Կառավարության ղեկավարը ԵԺԿ քաղաքական ասամբլեայի ընթացքում խոսել է Հայաստանի Հանրապետության Եվրոպական ինտեգրման քաղաքականության, ինչպես նաև ՀՀԿ ԵԺԿ-ին անդամակցության հեռանկարների մասին: Կառավարության ղեկավարն անդրադարձել է տնտեսական ու կառուցակարգային այն բարեփոխումներին, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում. «Այսօրվա աշխարհում, փոփոխություն է տեղի ունենում ավելի արագ, քան երբևէ: Հետևաբար, Հայաստանը պետք է արագացնի բարեփոխումների և ինստիտուցիոնալ վերափոխման իրականացումը: Այժմ պարզ է, որ ԵՄ տեխնիկական աջակցությունն ու ֆինանսական օժանդակությունը կարևորագույն նշանակություն են ունենալու արագ և էական առաջընթաց ապահովելու համար, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Այս համատեքստում ԵՄ կողմից առաջարկված Արևելյան գործընկերությունը, մի կենսական գործիք է, որը կարող է խթանել տրանսֆորմացիոն գորընթացը: Մենք վերահաստատում ենք մեր մտադրությունը ԵՄ հետ մեր տնտեսական և քաղաքական ինտեգրումն առավել զարգացնելու առումով և մեր երախտիքն ենք հայտնում օժանդակության համար: Ներկայումս, ԵՄ հետ բանակցում ենք Ասոցացման համաձայնագրի շուրջ և սկսում ենք խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները»:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵՄ աջակցությամբ իրականացվում են լրջագույն բարեփոխումներ, որոնք տեսանելի են հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Իր ելույթում վարչապետն անդրադարձել է նաև տարածաշրջանային խնդիրներին ու հայ-թուրքական հարաբերություններին` վերահաստատելով առանց նախապայմանների Անկարայի հետ հարաբերություններ հաստատելու պաշտոնական Երևանի պատրաստակամությունը: Ամփոփելով խոսքը` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը գտնվում է Բրյուսելում երկօրյա աշխատանքային այցով: Այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետը աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ, մասնակցել է ԵԺԿ քաղաքական ասամբլեային և իր կեցավայրում ընդունել է Հայաստանի եվրոպական բարեկամներ խմբի անդամներին: