9 նոյեմբերի 2011 - 10:58 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Էդվարդ Նալբանդյան. Նորվեգիայի փորձը հիդրոէներգետիկայի ոլորտում կարող է օգտակար լինել Հայաստանի համար

Նոյեմբերի 9-ին նորվեգական Norsk Energi-ն իր հայաստանյան գործընկեր «Հիդրոէներգետիկա» ընկերության հետ Երևանում ներկայացրել է փոքր ՀԷԿ-երի ոլորտում եռամյա ծրագիրը, որի նպատակը շրջակա միջավայրի պահպանության ապահովման և սոցիալական ազդեցության վերաբերյալ խորհրդատվության տրամադրումն է հանրապետությունում այդ ոլորտի զարգացման համատեքստում:

Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում էներգետիկ անվտանգությունն է, էներգիայի կայուն աղբյուրների ապահովումը, դրանց դիվերսիֆիկացիան և մասնավորապես` հիդրոէներգետիկայի զարգացման խնդիրները: Այդ մասին էներգետիկ անվտանգության ապահովմանն ուղղված փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացման ապահովման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցության ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` շնորհակալություն հայտնելով Նորվեգիայի ԱԳՆ-ին ֆինանսավորման համար:

Նրա խոսքով` այս տարվա սեպտեմբերից Հայաստանի կառավարությունը հաստատել է հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարությունը, որտեղ փոքր ՀԷԿ-երի միջոցով իրատեսական է համարվում ժամում 1 մլրդ կիլովատտ արտադրել ներկայիս 400 մլն կիլովատտի փոխարեն:

Այս կապակցությամբ նա նշել է, որ Նորվեգիան, որը բավականաչափ նավթային և գազային ռեսուրսներ ունի, սպառվող էներգիայի 90% ստանում է ՀԷԿ-երի միջոցով: «Նորվեգիայի փորձն այդ ոլորտում կարող է օգտակար լինել Հայաստանի համար»,- հավելել է ԱԳ նախարարը:

Նորվեգիայի արտգործնախարար Ջոնաս Գահրն իր հերթին հավելել է, որ «տնտեսության զարգացումը պետք է հիմնված լինի ռեսուրսների կայուն օգտագործման վրա»: Ընդ որում, նրա խոսքով, մեծ նշանակություն ունի ՀԷԿ աշխատանքի թափանցիկության ապահովումը համապատասխան օրենսդրական բազայի ստեղծման միջոցով, ինչը շատ կարևոր է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար: Նորվեգիայի ԱԳ նախարարը հաղորդել է նաև, որ այսօր ծրագրված է այց Երևանի պետական համալսարան` Նորվեգիայի բուհերում ուսման համար պոտենցիալ մասնագետների գրավելու համար:

ՖՈՏՈՇԱՐՔ