9 նոյեմբերի 2011 - 14:33 AMT
ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովը գտել է Visa քարտերով վճարում կատարելու և ստանալու խնդրի լուծումը

Այսօր Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում կայացավ կլոր սեղան ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի իրավական կարգավորման խնդիրների թեմայով:

ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է մի շարք խնդիրներ ՀՀ-ում էլառևտրի հետ կապված: Կլոր սեղանի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը ներկայացրեց հանձնաժողովի միջանկյալ արդյունքները:

Կլոր սեղնանին ներկա էին Հայաստանի բանկային և ՏՏ ոլորտի ընկերությունների, նախարարությունների և մամուլի ներկայացուցիչներ: Կլոր սեղանի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

Վահե Դանիելյանի խոսքով հանձնաժողովի քննարկումները ծավալուն են եղել, ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ: Հանձնաժողովը խնդիրները բաժանել է երեք խմբի՝ Էլելկտրոնային առևտրի կազմակերպմանն առնչվող վճարահաշվարկային,մաքսային և հարկային համակարգերի խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները: Կլոր սեղանի առաջին կեսում ներկայացվեց վճարահաշվարկային համակարգի խնդիրը և առաջարկվող լուծումները:

Ըստ հանձնաժողովի, էլառևտրի իրականացման խնդիրներից է Visa քարտերով էլառևտրի իրականացման անհնարինությունը, քանի որ ՀՀ բանկերի մոտ բացակայում է Visa International e-commerce licese-ը: Այս լիցենզիայի բացակայության պատճառով մերժվում են ՀՀ հետ կատարվող ցանկացած գործարքներ՝ Հայաստանը որակելով «ոչ վստահելի» երկիր: Արդյունքում ՀՀ գործող ընկերությունները ստիպված են լինում հաշիվներ բացել իրենց գործունեության իրականացման համար արտասահմանյան բանկերում: Այս խնդրի լուծման համար առաջարկվել է հետևյալ լուծումը. ՀՀ բանկերից որևէ մեկը պետք է գնի լիզենզիայի իրավունքը և քանի որ Visa ընկերությունը չի արգելում կիսել (share) իրավունքը, լիզենզիան գնած բանկը կարող է միջնորդ հանդիսանալ գործարքների դեպքում ՀՀ բանկերի և Visa-ի միջև: Այսինքն, գործարքների դեպքում ցանկացած բանկ կարող է համագործակցել լիզենզիայի իրավունքը գնած բանկի հետ և այդ բանկի միջնորդությամբ կատարել գործարքները Visa-ի հետ: Խնդրի այս լուծումը ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի կողմից առաջիկա նիստի ընթացքում ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կառաջարկվի ՀՀ կենտրոնական բանկին՝ քննարկելու այս հարցը ՀՀ բանկերի միության և առանձին բանկերի ներկայացուցիչների հետ: Հարկ է նշել, որ այս խնդիրն առկա է միայն Visa քարտերի դեպքում, Master քարտերին դա չի վերաբերում: