9 նոյեմբերի 2011 - 14:42 AMT
«ԷկոԼուրի» ու «Չենք լռելուի» կոչը Արամ Հարությունյանին. Պետք չէ ուսումնասիրել, պետք է գործել

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում են «Բնություն, թե փող» ահազանգերի շարքը, որի շրջանակներում մոտակա օրերին իրականացվելու է «Սևան, թե GeoProMining Gold» ցիկլը:

Նրանք հիշեցնում են նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցելության ընթացքում ունեցած ելույթը, որում նա նշել է. «Մենք Սևանի հանդեպ պարտք ունենք: Սևանին պետք է վերադարձնենք այն, ինչ երկար տարիներ` սկսած Խորհրդային Միության ժամանակներից, լիուլի վերցրել ենք»:

Որպես ասվածի ի կատար ածում, 2009թ. կասեցվեց Սևանի ջրահավաք ավազանում` Սոթքում, վերամշակման համալիրի կառուցումը: Նախագծի լոբինգը կատարվում էր ոսկի արդյունահանող «GeoProMining Gold» ընկերության կողմից և ուներ իր «հովանավորները»` չնայած այն բանին, որ նման գործունեության իրականացումն ուղղակիորեն արգելված է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով:

Ընդամենը երկու տարի անց «GeoProMining Gold»-ը, այնուամենայնիվ, մասնակիորեն իրականացրեց իր մտածածը: Արդեն առանց որևէ նախագծի կառուցվեց «արտադրամաս» բաց երկնքի տակ`ջարդող-տեսակավորող համալիր:

«Սակայն այդ ակնհայտ ապօրինի օբյեկտով, որն այս պահին ողջ թափով աշխատում է, որևէ մեկը չզբաղվեց: Երկրի օրենքները խախտած, 34 միլիարդ խմ ծավալով քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարը վտանգի ենթարկած ընկերության գործունեությունը նույնիսկ տեսչական ստուգումներ չանցավ: Փաստացի, ստացվում է, որ պաշտոնյա այրերը Սևանին պարտքը վերադարձնել չեն պատրաստվում: Պարտքը, որը սահմանված է իրենց պարտականություններով և զբաղեցրած դիրքով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում են Բնապահպանության նախարարին. «Պարոն նախարար, մի՛ զբաղվեք այդ խնդրի ուսումնասիրմամբ, այն վաղուց ուսումնասիրված է: Խնդիրն ունի մեկ լուծում` ջարդող-տեսակավորող համալիրը պետք է ապամոնտաժվի, իսկ «GeoProMining Gold»-ը պատժի ենթարկվի: Հակառակ դեպքում, Սևանի էկոհամակարգի հաշվին իրականացվող այս ապօրինությունների պատասխանատվությունը պետք է կիսեք և դուք»: