Երևանի սրտում բացվեց Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրին

Երևանի սրտում բացվեց Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրին

PanARMENIAN.Net - Այսօր` նոյեմբերի 9-ին Երևանի Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում բացվեց հայտնի նորվեգացի բևեռախույզ, հասարակական գործիչ, հայ ազգի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրին (քանդակագործ`Գարեգին Դավթյան, ճարտարապետ` Ասլան Մխիթարյան): Այն բացեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն և Նանսենի թոռնուհին` Մարիտ Գրևը: Քանդակի բացմանը ներկա էին նաև փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ և հասարակ քաղաքացիներ:

Իր ելույթում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը Նանսենի սրտում էր, իսկ այսօր` Հայաստանի սրտում կանգնեցվում է նրա արձանը: Ըստ նրա, Հայաստանը չէր կարող անմասն մնալ Նանսենի 150-ամյա հոբելյանի տոնակատարություններին: «Օգնության հասնելով մեր ժողովրդի համար ամենածանր պահին՝ Նանսենը փրկեց ոչ միայն հարյուր հազարավոր հայերի, այլև մեր ժողովրդի սասանված հավատը առ այն, որ մարդը ստեղծված է Աստծո նմանությամբ, որ մարդու մեջ չի կարող մեռնի մարդը եւ մնա միայն ցեղասպան բարբարոսը: Կա՞ արդյոք ավելի մեծ առաքելություն, քան փրկել հավատը, հավատը մարդկային էության հանդեպ, հավատը ոչ միայն սեփական ապագայի, այլև մարդկության վաղվա օրվա հանդեպ, հավատն առ այն, որ ապրիլի 24-ին հաջորդելու է ապրիլի 25-ը», ասաց Նալբանդյանը:

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն էլ իր հերթին ուրախություն հայտնեց, որ իր պաշտոնական այցը Հայաստան համընկավ նման միջոցառման հետ և ասաց, որ յուրաքանչյուր նորվեգացի հպարտ կլինի, տեսնելով Երևանի կենտրոնում Նանսենի արձանը:

Նանսենի թոռնուհին` Մարիտ Գրևը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ իր համար մեծ անակնկալ էր Երևանում տեսնել իր պապի արձանի բացմանը այդքան շատ մարդ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---