21 հուլիսի 2000 - 18:59 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ԱՄՆ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ
21.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Հուլիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը այս մասին հաղորդել են ՀՀ ՊՆ Լրատվության եւ Քարոզչության վարչությունում:
Այցելության հիմնական նպատակն է քննարկել հայ-ամերիկյան ռազմական եւ ռազմաքաղաքական առնչությունների ներկա վիճակն ու հեռանկարները:
Հուլիսի 24-ին պաշտպանության նախարարին կընդունի ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ուիլյամ Քոենը: Հանդիպման արդյունքում կստորագրվի «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագիր:
Ինչպես ԱՄՆ պաշտպանության քարտուղարի, այնպես էլ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ նախատեսվող հանդիպումների ժամանակ կքննարկվեն նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, տարածաշրջանային անվտանգության գործընթացների, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը կհյուրընկալվի նաեւ Ամերիկայի Հայկական համագումարում, համդիպում կունենա Սփյուռքի մեր հայրենակիցների հետ:
Հուլիսի 26-ին Սերժ Սարգսյանը կվերադառնա Հայաստան: --0--