10 նոյեմբերի 2011 - 09:26 AMT
ԱՄՆ. Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ նոր զեկույցը նկարագրում է Թեհրանի ջանքերը՝ ուղղված միջուկային զենքի մշակմանը

ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ նոր զեկույցը մանրամասն նկարագրում է Թեհրանի ջանքերը՝ ուղղված միջուկային զենքի մշակմանը։ Այդ մասին անցած չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Մարկ Թոները՝ մեկնաբանելով փաստաթղթի բովանդակությունը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը։

Թոները նաև հաստատել է, որ ԱՄՆ իշխանությունները ծանոթացել են զեկույցում պարունակվող եզրակացությունների հետ և դրանք «բավական կարևոր» համարել։ Վաշինգտոնի տեսանկյունից խոսքը գնում է «Իրանի առավել համապարփակ և մանրամասն ջանքերի գնահատականների մասին՝ ուղղված միջուկային սպառազինությունները մշակմանը», ասել է Թոները։ Նրա կարծիքով, ՄԱԳԱՏԷ նոր եզրակացությունները «հետագա հարցեր են առաջացնում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ», ինչպես նաև ցուցադրում, որ Իրանը, ինչպես ԱՄՆ-ն ասել է երկար տարիներ շարունակ, ունի ռազմական միջուկային ծրագիր և նա պետք է ներկայացնի երաշխիքներ, որ հրաժարվել է միջուկային զենք ստեղծելու մտադրությունից։

«Ասպիսով, մենք գործ ունենք չափազանց լուրջ կասկածների և լուրջ մեղադրանքների հետ»,- ասել է Թոները։ Նրա խոսքով, Իրանը ստեղծված իրավիճակում պետք է «վերջապես ձեռնամուխ լինի ՄԱԳԱՏԷ հետ փոխգործակցությանը»։

Միաժամանակ, Թոները նշել է, որ Օբամայի վարչակազմը հանդես է գալիս Թեհրանի դեմ պատժամիջոցների հետագա խստացման օգտին։ «Շարժվելով առաջ՝ մենք դիտարկելու ենք Իրանի դեմ լրացուցիչ ճնշում կիրառելու ուղիները»,- ասել է նա և հրաժարվել է բացատրել, թե ԱՄՆ-ն ինչպիսի պատժիչ միջոցներ է ընդունակ կիրառել Իրանի դեմ։