10 նոյեմբերի 2011 - 09:59 AMT
ԿԱՐԾԻՔ
Ջրագի՞ծ, թե խրամատ. Ի՞նչ են փորում Նախիջևանի սահմանի երկայնքով

Ի՞նչ փոս են փորում M2 միջպետական մայրուղու կողքով Երասխ գյուղի հարևանությամբ` հենց Նախիջևանի սահմանի երկայնքով: Արդեն մի քանի ամիս է այս հարցը հուզում է բոլորին, ով անցնում է այդ ճանապարհով: Եթե ոռոգման համակարգ է` ինչո՞ւ են աշխատանքներն այդքան երկար տևում, իսկ եթե խրամատ է` ինչո՞ւ է ճանապարհին այդքան մոտ:

PanARMENIAN.Net-ի թղթակիցը փորձեց հարցի պատասխանը ստանալ Քաղաքաշինության նախարարությունից, որտեղ պատասխանեցին` հավանաբար համայնքային ջրագծերի անցկացման ծրագիր է, որն իրենց հետ կապ չունի: Ներկայանալ չցանկացող պաշտոնյան մեկնաբանեց, որ իրենց իրավասություններից դուրս է, և ինքը չի կարող պաշտոնական ինչ-որ բան ասել, խորհուրդ տվեց զանգել հենց Երասխի գյուղապետարան:

Երասխ գյուղական համայնքի աշխատակազմի առաջատար մասնագետ Նվարդ Հովհաննիսյանն ասաց, որ չի կարող շատ բան ասել, միայն կասի, որ Պաշտպանության նախարարությունն է իրականացնում աշխատանքները, հավանաբար խրամատ է, սակայն լավ կլինի հենց ՊՆ-ից հարցնել:

Այդպես էլ արեցինք: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց, որ դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա, քանի որ հակառակորդի դիրքերը որոշ դեպքերում ընդամենը 1.5 կլիոմետրի վրա են, և դա արվում է, որ ճանապարհն ավելի անվտանգ լինի. «Լրացուցիչ պաշտպանական ինժեներական աշխատանքներ են, որոնց նպատակն է մեր սահմանները դարձնել էլ ավելի անառիկ, իսկ տվյալ ճանապարհով երթևեկությունն առավել անվտանգ»:

Այնպես որ, անհանգստանալու կարիք ամենևին չկա: Պարզապես այս կերպ մենք մի փոքր ավելի պաշտպանված կլինենք հակառակորդի սահմանապահների հնարավոր կամակորություններից:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News