11 նոյեմբերի 2011 - 13:31 AMT
Արման Կիրակոսյանը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ քննարկել է նոր էներգաբլոկի կառուցումը

Նոյեմբերի 10-ին Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Գլխավոր տնօրենն ողջունեց դեսպան Արման Կիրակոսյանին եւ իր գոհունակությունը հայտնեց ԱԷՄԳ հետ Հայաստանի համագործակցության կապակցությամբ: Նա անդրադարձավ ԱԷՄԳ գործունեության տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համատեղ իրականացվող ծրագրերին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներին:

Դեսպան Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ բարձր գնահատեց կազմակերպության հետ Հայաստանի ունեցած համագործակցությունը: ՀՀ դեսպանն անդրադարձավ գործակալության հետ համատեղ իրականացվող տեխնիկական համագործակցության ծրագրերին, նոր էներգաբլոկի կառուցմանը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումներին: