11 նոյեմբերի 2011 - 16:25 AMT
Գաղտնի է պահվում «Մանկական եվրատեսիլ 2011» -ի վաճառված տոմսերի քանակը

Եվրատեսիլի հայկական գրասենյակը հրաժարվում է ԶԼՄ-ներին տրամադրել «Մանկական եվրատեսիլ 2011» երաժշտական մրցույթի տոմսերի քանակի մասին տեղեկություն: Օրերս PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձեց պարզել, թե որքան տոմս է վաճառվել «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի շոուի համար, մրցույթի մամլո ղեկավար Արտակ Վարդանյանը նշել է. «թե որտեղ է վաճառվում` այդ ինֆորմացիան կա բոլոր կայքրում, թե ինչքան է վաճառվել չենք հրապարակում»:

Ներկայումս դեկտեմբերի 3-ին կայանալիք մրցույթ-շոուի բոլոր մատչելի տոմսերն արդեն սպառվել են: Այժմ վաճառքում են միայն 10.000-50.000 դրամ արժողությամբ տոմսերը (տոմսերի նվազագույն գինը 5000 դրամ էր): Մրցույթին նախորդող գլխավոր փորձի տոմսերը դեռ կարելի է ձեռք բերել 5000 դրամով (տոմսերի գինը տատանվում է 2000-12.000 դրամի սահմաններում):

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ը տեղի է ունենալու դեկտեմբերի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները:

Մրցույթը բացելու է Ռուսաստանը, իսկ եզրափակելու է Բելգիան: Հայաստանը ներկայանալու է 4-րդ համարի տակ: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ-ից: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8-րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: Այս տարի Հայաստանը ներկայացնելու է Դալիթան իր Welcome to Armenia երգով: