12 նոյեմբերի 2011 - 12:16 AMT
Սաադի Քադդաֆին քաղաքական ապաստան է գտել Նիգերում

Մուամար Քադդաֆիի որդին քաղաքական ապաստան է ստացել Նիգերում: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, դա հաստատեց Նիգերի նախագահ Մահամադ Իսուֆուն՝ հայտարարելով, որ ավելի վաղ ապաստան է տրամադրել Սաադի Քադդաֆիին «հումանիտար նկատառումներով: «Եթե նա հայտնվի, ես կմտածեմ, թե ինչ անել: Մենք հարցերը կլուծենք օրինականության, ժողովրդավարության ու միջազգային համաձայնագրերը հաշվի առնելով»,-պարզաբանել է Նիգերի նախագահը:

Ինչ վերաբերում է Սեյֆ ալ Իսլամին, ապա, ինչպես նշում է «Ռոյթերս» գործակալությունը, Միջազգային քրեական տրիբունալը նրան ձերբակալելու թույլտվություն է տվել: Քանի որ Նիգերը տրիբունալի անդամ է, երկրի իշխանությունները պարտավոր են հանձնել Քադդաֆիի երկրորդ որդուն Հաագային: