Սիրիային ԱՊԼ-ից բացառելուց հետո Դամասկոսում գրոհել են Սաուդյան Արաբիայի դեսպանատունը

Սիրիային ԱՊԼ-ից բացառելուց հետո Դամասկոսում գրոհել են Սաուդյան Արաբիայի դեսպանատունը

PanARMENIAN.Net - Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում փայտերով և դանակներով զինված ամբոխը գրոհել է Սաուդյան Արաբիայի դեսպանատունն այն բանից հետո, երբ Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) հայտարարել է կազմակերպությանը Սիրիայի անդամակցության ժամանակավոր դադարեցման մասին: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:

Հարյուրավոր մարդիկ, կարգախոսներ վանկարկելով ի օժանդակություն երկրի նախագահ Բաշար Ասադին, ծեծի են ենթարկել հսկիչներին և խուժել Սաուդյան Արաբիայի դեսպանատան տարածք, որտեղ ամեն ինչ ավիրել են: Կատարվածի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Սաուդյան Արաբիան դեռևս օգոստոսին հետ էր կանչել իր դեսպանին Սիրիայից՝ Բաշար Ասադից պահանջելով փոխզիջման գնալ ընդդիմության հետ:

Լաթակիայում, որը Դամասկոսից 330կմ հյուսիս է գտնվում, կատաղած ամբոխի թիրախն են դարձել Ֆրանսիայի և Թուրքիայի հյուպատոսությունները: Տասնյակ հազարավոր մարդիկ Սիրիայի փողոցներ են դուրս եկել, որպեսզի հայտնեն իրենց աջակցությունը նախագահ Բաշար Ասադին և անհամաձայնությունը ԱՊԼ որոշման հետ: Դամասկոսում ամբոխը հավաքվել է Քաթարի դեսպանատան մոտ, որը ներկայումս նախագահում է ԱՊԼ-ում:

Նոյեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) Դամասկոսի կողմից սիրիական ճգնաժամի կարգավորման արաբական ծրագրի դրույթները խախտելու պատճառով շաբաթ օրը դադարեցրել է Սիրիայի անդամակցությունը համարաբական կազմակերպությանը, հայտնել է Քաթարի արտգործնախարար շեյխ Համադ բեն Ջասեմը: Բացառման մասին որոշման օգտին քվեարկել է 18 պետություն, դեմ է արտահայտվել ինքը՝ Սիրիան, ինչպես նաև Լիբանան ու Եմենը: Իրաքը ձեռնպահ է մնացել: Ընդհանուր առմամբ, ԱՊԼ կազմի մեջ մտնում է 22 պետություն: Լիգաքյի որոշումը ողջունել են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Սիրիայի դեմ: Բացի դրանից, Լիգան կազմակերպության անդամներին կոչ է արել հետ կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից: Այսպիսով, Սիրիան՝ ԱՊԼ հիմնադիր պետություններից մեկը, մոտ ժամանակներս չի կարողանա մասնակցել այդ համարաբական կազմակերպության նիստերին:

Սիրիայում հակակառավարական ելույթները սկսվեցին մարտի կեսերին երկրի հարավում՝ Դերաա քաղաքում, այնուհետև տարածվեցին այլ մարզերում: Վերջերս դիմակայությունը հատկապես երկրի մեծությամբ երրորդ քաղաք Հոմսայում գնալով ավելի բռնի բնույթ է ստանում:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, երկրում բախումների արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 3,5 հազարը: Երկու շաբաթ առաջ պաշտոնական Դամասկոսն ընդունեց Արաբական պետությունների լիգայի՝ Սիրիայում ճգնաժամի կարգավորման արաբական ծրագիրը: Այն, մասնավորապես, նախատեսում է դադարեցնել ուժի կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ, դուրս բերել ռազմական տեխնիկան քաղաքներից, արաբական ներկայացուցիչներին և լրագրողներին թույլ տալ ազատ կերպով այցելել սիրիական քաղաքներ, ինչպես նաև ազատ արձակել ակցիաների ժամանակ բոլոր ձերբակալվածներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---