14 նոյեմբերի 2011 - 13:02 AMT
Հայաստանում առաջին անգամ բեմադրվում է «Եվ Այր մի` Մաշտոց անուն» պոեմի բեմարությունը

Նոյեմբերի 14-ին` ժամը 19:00-ին, ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի է ունենալու Պարույր Սևակի «Եվ Այր մի` Մաշտոց անուն» պոեմի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան:

Ներկայացումը բաղկացած է երկու մասից և Պ. Սևակի «Եվ Այր մի` Մաշտոց անուն» պոեմի առաջին բեմադրությունն է: Բեմադրության ռեժիսորն է ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, նկարչական ձևավորողը` Աննա Հարությունյանը, բեմադրության երաժշտության հեղինակը` Արթուր Հակոբյանը, ով ներկայացման համար հատուկ նոր երաժշտություն է գրել:

Ներկայացման առաջին մասում բուն պոեմի բեմադրությունն է, իսկ երկրորդ մասում ներկայացված է մերօրյա երիտասարդների գնահատականն ու երախտիքի խոսքը` ուղղված Մեսրոպ Մաշտոցին ու նրա արած գործին: Գլխավոր դերում հանդես են գալու «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները, իսկ Մովսես Խորենացու դերում հանդես է գալու ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը:

«Եվ Այր մի` Մաշտոց անուն» ներկայացումը Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի կողմից կազմակերպված միջոցառումների ցանկում առաջինն է: Հանձնաժողովի խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: