Մինչ 2020 թվականը Հայաստանի կառավարությունը ծրագրում է եռապատկել կոնյակի արտահանման ծավալները

Մինչ 2020 թվականը Հայաստանի կառավարությունը ծրագրում է եռապատկել կոնյակի արտահանման ծավալները

PanARMENIAN.Net - Արդյունաբերական ռազմավարության իրականացմամբ էապես կավելացվեն տարբեր ոլորտներում արտահանման ծավալները, հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 13-ին Սևանում տեղի ունեցած Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում: Վարչապետը ներկայացրել է Հայաստանի արդյունաբերության ռազմավարության մանրամասները, որը մշակվել է Համաշախարհային բանկի հետ: ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդին ներկայացնելով արդյունաբերական քաղաքականության մանրամասները` Տիգրան Սարգսյանը նշել է, որ ռազմավարության մեջ ներառված են Հայաստանի արդյունաբերության 11 ճյուղեր: «Փորձել ենք բացահայտել մեր երկրի արդյունաբերական ներուժը` ըստ ճյուղերի, գնահատել, թե ինչպիսի հումքային, ինտելեկտուալ և ենթակառուցվածքային ռեսուրսներ ունենք»,- ասել է նա:

Վարչապետի խոսքով, առաջին երեք ճյուղերի` կոնյակագործության, դեղագործության և ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են, որոնք քննարկվել են Հանրապետության Նախագահի գլխավորությամբ՝ մասնավոր հատվածի հետ միասին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս ոլորտներում առկա ռազմավարական ծրագրերը ենթադրում են արտահանման ծավալների կտրուկ ավելացում: Մասնավորապես, ծրագրվում է մինչ 2020 թվականը կոնյակի արտահանման ծավալները եռապատկել, իսկ դեղերի արտահանմանը՝ քառապատկել:

«Մեր նպատակն է՝ պետություն-մասնավոր համագործակցության ներքո ավելացնել մեր երկրի արդյունաբերական հզորությունները և արտահանումը: Ռազմավարության մեջ հստակ ֆիքսվել է, թե որ մարմինն ինչ աշխատանք պետք է իրականացնի: Սա լուրջ քայլ է, քանի որ Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրն ունենալու է արդյունաբերական ռազմավարություն՝ ճյուղային գերակայություններով»,- նշել է կառավարության ղեկավարը:

Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, նախորդ նիստի արձանագրությունները քննարկելուց և հաստատելուց հետո նիստի մասնակիցներն անդրադարձել են այլ երկրների փորձի հիման վրա Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված հարցերին:

2011թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 9355,7 հազար լիտր կոնյակ, ինչը 17 տոկոսով ավելի է 2010-ի նույն շրջանի ցուցանիշից (7994,1 հազար լիտր):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---