Մայրաքաղաքի փողոցներում շարունակվում է հեղեղատար համակարգերի վերանորոգումը

Մայրաքաղաքի փողոցներում շարունակվում է հեղեղատար համակարգերի վերանորոգումը

PanARMENIAN.Net - Հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն այցելել և տեղերում ծանոթացել է քաղաքապետարանի ծրագրով կառուցվող նոր հեղեղատար ցանցերի շինարարական աշխատանքների ընթացքին: Քաղաքապետարանից հայտնում են, որ Խորենացի փողոցում շինարարները Տարոն Մարգարյանին վստահեցրել են, որ աշխատանքներն ընթանում են համաձայն ժամանակացույցի:

Տարոն Մարգարյանը հետևել է նաև Լենինգրադյան փողոցում ավարտական փուլ մտած հեղեղատար ցանցի շինարարության ընթացքին: Այստեղ խողովակաշարերն արդեն տեղադրված են, ընթանում են անձրևատարների տեղադրման աշխատանքները: Համապատասխան մրցույթների անցկացումից հետո, հոկտեմբերի 30-ից սկսած, ըստ առաջնահերթության, աշխատանքներ են ընթանում նաև Ռուբինյանց, Սևանի և Թևոսյան փողոցնորում:

Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 224 միլիոն դրամ է: Միջոցները հատկացվել են Երևանի համաքաղաքային բյուջեից: Թևոսյան և Սևանի փողոցների հեղեղատարների շահագործման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 25-ը, մյուս 3 փողոցներում աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 25-ին: Շինարարները, սակայն, վստահեցրել են, որ աշխատանքները կավարտեն ժամանակից շուտ: Հեղեղատարների կառուցման ծրագիրը կշարունակվի նաև 2012-ին:

Այս տարի «Երևան ջուր» ՓԲԸ կողմից ևս 5 նոր հեղեղատարներ արդեն գործարկվել են Մյասնիկյան պողոտայում, Աբովյան պուրակ-Հերացի փողոցի թունել հատվածում, Կորյուն-Չարենց-Ալեք Մանուկյան փողոցների հանգույցում, Գյուրջյան և Հալաբյան փողոցներում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---