Աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում կտնկվի 8000 դեկորատիվ ծառ

Աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում կտնկվի 8000 դեկորատիվ ծառ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը հերթական շրջայցի ընթացքում այցելել է Էրեբունի վարչական շրջանի մանկական զբոսայգի, որտեղ մասնակցել է աշնանային ծառատունկին: 2011 թվականի աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում կտնկվի 8000 դեկորատիվ ծառ, որոնցից 3000-ը թույա, 2000-ը սոսի, 1000 հացենի և 2000 դեկորատիվ թուփ: Այս խմբաքանակն, ըստ նախապես ներկայացված հայտերի, արդեն բաշխվել է վարչական շրջաններին:

Զրուցելով տարածքի բնակիչներ հետ` Տարոն Մարգարյանը նշել է, որ գարնանը այգու տարածքը ամբողջությամբ կբարեկարգվի, կկառուցվեն բաց և փակ զրուցարաններ, վնասված սալաքարերն էլ կփոխարինվեն ասֆալտե ծածկույթով: Ծրագրի իրականացման ուղղությամբ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին տրվել են հստակ հանձնարարականներ:

Աշնանային ծառատունկի ընթացքում ևս 3000 ծառ կտնկվի Եռաբլուրի տարածքի բարեկարգման ծրագրով: Իսկ 2000 դեկորատիվ ծառ, բացի վերոհիշյալ 8000-ից, ձեռք է բերվել Նոր Նորք վարչական շրջանի կողմից ու կտնկվի Նոր Նորքի այգիներում, պուրակներում և բակերում:

Հարկ է նշել, որ ինչպես այս, այնպես էլ գարնանային ծառատունկը կազմակերպվել է բացառապես ոռոգելի տարածքներում: Ի դեպ, ապրիլից սկսած գարնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում տնկվել է շուրջ 15300 տերևավոր և 17200 մշտադալար ծառ ու թուփ: Մշտադալարներն այս տարի մայրաքաղաք ներկրվեցին առաջին անգամ և բարենպաստ եղանակի շնորհիվ տնկվեցին մինչև հուլիս։ Մասնագետների վկայությամբ` կպչողականության ընդհանուր ցուցանիշը կազմել է 75 տոկոս:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---