15 նոյեմբերի 2011 - 09:51 AMT
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն մտադիր է առաջիկայում ետ վերադարձնել Սիրիայում իր դեսպանին

ԱՄՆ-ն մտադիր է առաջիկայում վերադարձել Դամասկոսում իր դեսպանին, անկախ հակասիրիական հռետորաբանությունից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մենք նախկինի պես գտնում ենք, որ դեսպան Ռոբերտ Ֆորդը շուտով կվերադառնա Դամասկոս»,-ասել է նա: Վարչակազմում գտնում են, որ Ֆորդը շատ դրական և օգտակար դերակատարություն ունի, տեղեկություններ հաղորդելով Սիրիայի ռեժիմի գործողությունների մասին, սակայն, ըստ Թոների, յուրաքանչյուր երկիր սեփական որոշումն է կայացնում՝ ետ կանչել իր դեսպանին, թե ոչ:

Միաժամանակ Թոները ողջունել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) որոշումըէ խորհուրդ տալ կազմակերպության անդամ երկրներին ետ կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից:

Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը 2011թ. հոկտեմբերի 24-ին ետ կանչվեց հայրենիք: Ֆորդի մեկնումը բացատրվեց անվտանգության նկատառումներով:

Նոյեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) Դամասկոսի կողմից սիրիական ճգնաժամի կարգավորման արաբական ծրագրի դրույթները խախտելու պատճառով դադարեցրել է Սիրիայի անդամակցությունը համաարաբական կազմակերպությանը: Հեռացնելու մասին որոշման օգտին քվեարկել է 18 պետություն, դեմ է արտահայտվել ինքը՝ Սիրիան, ինչպես նաև Լիբանանն ու Եմենը: Իրաքը ձեռնպահ է մնացել: Ընդհանուր առմամբ, ԱՊԼ կազմի մեջ մտնում է 22 պետություն: Լիգայի որոշումը ողջունել են ԱՄՆ-ն և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Սիրիայի դեմ: Բացի դրանից, Լիգան կազմակերպության անդամներին կոչ է արել հետ կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից: Այսպիսով, Սիրիան՝ ԱՊԼ հիմնադիր պետություններից մեկը, առաջիկայում չի կարողանա մասնակցել այդ համաարաբական կազմակերպության նիստերին:

Սիրիայում հակակառավարական ելույթները սկսվեցին մարտի կեսերին երկրի հարավում՝ Դերաա քաղաքում, այնուհետև տարածվեցին այլ մարզերում: Սիրիայի իշխանությունները խոսում են ավելի քան 1,5 հազար զոհերի մասին: