15 նոյեմբերի 2011 - 11:26 AMT
ԱՄՆ հայ համայնքը միանում է Պետդեպարտամենտին ուղղված կոչերին՝ արձագանքել թուրք իրավապաշտպանի ձերբակալությանը

ԱՄՆ հայ համայնքը միանում է ԱՄՆ իշխանություններին ուղղված բազում կոչերին և պահանջում է արձագանքել թուրք իրավապաշտպան Ռագիփ Զարաքոլուի ձերբակալությանը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

«Ռագիփ Զարաքոլուն խոսքի ազատությանը հավատարիմ լինելուց բացի այլ մեղք չունի»,-ասել է Արամ Համբարյանը: Նա հավելել է, որ Օբամայի վարչակազմի անգործությունը վկայում է նրա վախկոտության մասին և ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև նման հարցերում, երբ ճշմարտությունը հետապնդվում է քրեորեն:

Ավելի վաղ, ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել Ռագիփ Զարաքոլուի ձերբակալությունը: Պատասխանելով լրագրողի հարցին՝ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել տվյալ միջադեպը: «Մենք չենք մեկնաբանի առանձին դեպքերը մինչ հաջորդ դատական լսումները»,-նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն Թուրքիայում մարդու իրավունքների ու խոսքի ազատության պաշտպան է: