15 նոյեմբերի 2011 - 13:07 AMT
Գիտությունների ակադեմիայում բացվեց Անի մայրաքաղաքի 1050-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը

Այսօր` նոյեմբերի 15-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում բացվեց միջազգային եռօրյա գիտաժողով` նվիրված Անին Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակին: Այն կրում է «Անին միջնադարյան Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական կենտրոն» խորագիրը: Գիտաժողովին մասնակցում են հայ, ռուս, ֆրանսիացի, գերմանացի, իտալացի, ամերիկացի և ավստրիացի առաջատար գիտնականներ` լեզվաբաններ, պատմաբաններ, ճարտարապետներ և այլն:

Իրենց զեկույցներում գիտնականները ներկայացնելու են հիմնականում քաղաքի հուշարձանների ուսումնասիրությունները` ճարտարապետությունը, քանդակագործությունը և հիշատակությունները:

Անին սկսեց արագ զարգանալ 961 թվականից, երբ քաղաքը դարձավ Հայաստանի Բագրատունիների մայրաքաղաքը և վերածվեց առևտրի խաչմերուկի Բյուզանդիայի, Պարսկաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի, Միջին Ասիայի և Չինաստանի միջև: Ծաղկման շրջանում քաղաքում շուրջ հարյուր հազար մարդ էր բնակվում և քաղաքը հավասարը չուներ աշխարհում վեհ տաճարների քանակով, նրա երկրորդ անվանումն էր «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»:Անի քաղաքի ավերակները գտնվում են Թուրքիայի և Հայաստանի սահմանին: Անիի կառույցներից շատերն ավերման եզրին են: