15 նոյեմբերի 2011 - 13:22 AMT
«Տարվա լավագույն ֆուտբոլիստը» ոսկե խաղակոշիկից բացի կստանա նաև 10 հազ. դոլար

Այսուհետ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցույթի առաջին տեղը զբաղեցրած ֆուտբոլիստը, բացի «ոսկե» խաղակոշիկ մրցանակից, կստանա 10 հազ. դոլարի դրամական պարգև: Նման որոշում է ընդունվել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկողմի նիստի ժամանակ:

2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստները, բացի «արծաթե» և «բրոնզե» խաղակոշիկ մրցանակներից, կստանան համապատասխանաբար 7000 և 5000 դոլարին համարժեք դրամի պարգևավճար, PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՖՖ մամլո ծառայությունից:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող թիմ կստանա 10 միլիոն դրամի, իսկ Գավաթի խաղարկության հաղթողը` 6 միլիոն դրամի չափով պարգևավճար:

Սկսած 2013 թվականից Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կանցկացվի աշուն-գարուն համակարգով: Առաջնությունը կմենկնարկի 2012թ. մարտին և կավարտվի 2013թ. մայիսին: Հաջորդ մրցաշրջանը կսկսվի 2013թ. օգոստոսին և կավարտվի 2014թ. մայիսին: