15 նոյեմբերի 2011 - 14:26 AMT
«Գալիք» համալսարանը կազմակերպել է անօրինական կրթական գործընթաց

ՀՀ կրթության և գիտության նախարարի 18.08.2010թ. 1309-Ա/Ք հրամանով կասեցվել էր Երևանի «Գալիք» համալսարանի արտադրական կոոպերատիվին ՀՀ կրթության և գիտության նախարարի 2000թ. օգոստոսի 24-ի 284-Մ հրամանով տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության թիվ 003 լիցենզիայի գործողությունը: ԿԳՆ-ից հայտնում են, որ համաձայն վերը նշված հրամանի «Գալիք» համալսարանը 2010 թվականի սեպտեմբեր ամսից պարտավոր էր ապահովել կասեցված մասնագիտությունների ուսանողների իրազեկումը և փաստաթղթերի տրամադրումը այլ ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու նպատակով:

«Գալիք» համալսարանը ոչ միայն չի ապահովել նախարարի համապատասխան հրամանի կատարումը, այլև կասեցված մասնագիտությունների գծով կազմակերպել է անօրինական կրթական գործընթաց` ոտնահարելով ուսանողների իրավունքները: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել տվյալ ուսանողներին շարունակել իրենց կրթությունը Հայաստանի Հանրապետությունում գործող պետական և ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ մասնագիտությամբ համապատասխան կուրսերում, քննարկել ընդունող ուսումնական հաստատությունների հետ տվյալ ուսանողների ուսման վարձի որոշակի զեղչեր կիրառելու հնարավորությունները և այլն։