15 նոյեմբերի 2011 - 16:06 AMT
Մրցույթ. 2012 թվականին ընդամենը մեկ հոգի կարող է Չեխիայում անվճար բարձրագույն կրթություն ստանալ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2012-2013 ուսումնական տարում Չեխիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավր/մագիստրոսի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով 1 կրթաթոշակային տեղի համար:

Դիմել կարող են միայն ինֆորմատիկա, տեխնիկական և բժշկական մասնագիտությունների համար: Վերոնշյալ կրթաթոշակային տեղի համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացվելու են 5 թեկնածուներ և վերջնական ընտրությունը կայացնելու է չեխական կողմը:

Մրցույթին կարող են մասնակցել միջնակարգ կրթություն ունեցող կամ ավարտական դասարանում սովորող ՀՀ քաղաքացիները: Բուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2011 թվականի ՀՀ բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:

Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում: Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ: