15 նոյեմբերի 2011 - 16:06 AMT
ԲՀԿ հաղթանակը Իջևանում կայացած ընտրություններում ժողովրդավարության ևս մեկ դրսևորում է, գտնում է ՀՀԿ պատգամավորը

Հանրապետական Գագիկ Մելիքյանը նորմալ է համարում ԲՀԿ ներկայացուցչի հաղթանակը Իջևանի քաղաքապետի պաշտոնում: «Պետք չէ քաղաքականացնել այդ ընտրությունները»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Նա նշել է, որ վերջերս ՀՀԿ-ն հաղթել է տեղական ինքնակառավարման մարմինների 90 տոկոսի ընտրություններում: «Պարտադիր չէ, որ ՀՀԿ-ն հաղթի ՏԻՄ բոլոր ընտրություններում: Համարում եմ դա ժողովրդավարության ևս մեկ դրսևորում: Եվ հաղթեց նա, ով պետք է հաղթեր»,-ասել է Գագիկ Մելիքյանը:

Նա հավելել է նաև, որ իրեն ուրախացնում է այն, որ հանրության շրջանում կարծիք կա, որ ՀՀԿ-ն միշտ պետք է հաղթի ընտրություններում: «Դա վկայում է ՀՀԿ ուժի մասին, այն մասին, որ այն ընկալվում է որպես առաջատար քաղաքական ուժ»,-ասել է նա:

Նոյեմբերի 13-ին կայացած Իջևանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Ղալումյանը: Նա առաջ է անցել գործող քաղաքապետ և ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանից: