15 նոյեմբերի 2011 - 18:55 AMT
Հրատարակվել է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքի բրալյան տարբերակը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը նախաձեռնել էր «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի բրալյան տարբերակի վերածման և հրատարակման ծրագիր, որի իրականացումը ստանձնել էր Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը:

Նոյեմբերի 14-ին կույրերի միջազգային օրվա առիթով, Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում տեղի է ունեցել օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում ներկայացվել է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի 5-րդ դասարանի դասագրքի բրալյան տարբերակը:

Միջոցառման ընթացքում մասնակիցներին ողջունել և Վեհափառ Հայրապետի օրհնություն է փոխանցել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ով նաև Հայաստանի աստվածաշնչային ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է շարունակել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի մնացյալ դասարանների դասագրքերի հրատարակությունը բրալյան տարբերակով: