15 նոյեմբերի 2011 - 19:18 AMT
Շիրակի և Լոռու մարզերում փորձում են ներդնել հրշեջ-փրկարարների կամավորական համակարգ

Նոյեմբերի 15-ին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին և Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերին։

Դեսպան Ռենոն նշել է, որ այս ամառ ԱԻ նախարարի այցը Ֆրանսիա ևս մեկ անգամ ապացուցել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրական համագործակցողներից է: «Դատելով մեր նախորդ հանդիպումներից` կարող եմ ասել, որ մեր համագործակցությունը ոչ միայն շարունակական պիտի լինի, այլ նաև պիտի ընդարձակվի` ներառելով նոր ոլորտներ և ուղղություններ», - հավելել է դեսպանը։

Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցության կարևոր ուղղություններից է կամավոր հրշեջ-փրկարարների համակարգի ստեղծումը Հայաստանում։ «Տեսնելով Ֆրանսիայում հասարակական հիմունքներով աշխատող հրշեջ-փրկարարների փորձը` այսօր փորձում ենք նման համակարգ ներդնել Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերում։ Կարծում եմ, կամավոր հրշեջ-փրկարարական համակարգի ֆրանսիական տարբերակը լավագույններից է, և մենք շատ բան ունենք սովորելու այդ ուղղությամբ» , - նշել է նախարարը։