16 նոյեմբերի 2011 - 14:45 AMT
Ճարմանդների հայ արքան Երևանում բուտիկ է բացելու

«Թաթեոսյան Լոնդոն» բրենդի հիմնադիր Ռոբերտ Թաթեոսյանն այս օրերին Երևանում է և պատրաստվում է իր բուտիկի բացմանը. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել։ Մեծ հաճույքով ու մեծ պատիվ համարելով եմ Երևան եկել։ Ինչ-որ իմաստով սա վերադարձ է արմատներիս, որոնցով հպարտանում եմ»,- այսօր լրագրողների հետ հանդպմանն ասաց Թաթեոսյանը՝ հավելելով. «Ես ամբողջ կյանքում հայ եմ եղել, բայց միայն վերջին տարում եմ սկսել վերադառնալ արմատներիս ու հայանալ»։

Նրա պապը՝ Մկրտիչը, Ադանայից է եղել, իսկ Հռիփսիմե տատը՝ Զմյուռնիայից։ Երևանում նրան զարմացրել է մաքրությունն ու արդիականությունը, իսկ առաջին մարդը, ում տեսել է, անձնագրային կետի աշխատակիցն է եղել, որը հարցրել է՝ հա՞յ ես. «Ես էլ ասացի՝ հայ եմ, բայց չեմ հասկանում»։

Ռոբերտ Թաթեոսյանը նշեց, որ հայկական ազգանունն իրեն միայն օգնել է. «Մենք հատուկ առևտրային տոնավաճառներ ենք կազմակերպում ողջ աշխարհում, և որտեղ էլ որ լինենք, միշտ մեկը մոտենում ասում է՝ հայ ես, չէ՞։ Միշտ մի հայ գտնվում է, որ պատրաստ է օգնել, ձեռք մեկնել, խորհուրդ տալ»։

«Թաթեոսյան Լոնդոն» բրենդը ներկայացված է աշխարհի 60 երկրներում և տարեկան 2 նոր հավաքածու է թողարկում։ Հիմնադիրի խոսքով՝ Երևանում ներկայացվող հավաքածուն կլինի նույնը, ինչ այդ պահին Լոնդոնում է։ Ժամանակի ընթացքում նաև հաշվի կառնվեն հայ հաճախորդների ճաշակն ու ցանկությունները։

Թաթեոսյանը նաև ասաց, որ իրենց ծրագրերը բուտիկ բացելով չեն սահմանափակվում։ «Բուտիկը միայն սկիզբն է... Հայաստանում շատ ավելի անելիքներ կան»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ համագործակցության մի տարբերակ կարող է լինել նոր հավաքածուներում հայկական մոտիվների օգտագործումը, մյուսը՝ ոսկերչության մեջ զուտ հայկական տեխնիկայի ու մոտեցումների օգտագործումը։

Ռոբերտ Թաթեոսյանն այստեղ կմնա մինչև շաբաթ օրը։ Վաղը տեղի կունենա նրա ֆիրմային բուտիկի բացումը Մաշտոցի պողոտայում։ Ավելի ուշ Ճարմանդների արքան կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։